Կարծում եմ` արտերկիր մեկնող
ցանկացած ուսանող ունեցել է մի փոքր վախի զգացողություն` պայմանավորված անտեղյակության
և նոր, բոլորովին անծանոթ երկիր ոտք դնելու անվստահության հետ:
Սակայն բոլորովին պետք
չէ մտածել, թե դուք նոր երկրում միայնակ եք լինելու և անօգնական: Դա բոլորովին էլ այդպես
չէ: Իրականում կան բազմաթիվ կառույցներ, ովքեր միշտ էլ պատրաստ են օգնելու և աջակցելու
ուսանողներին:
Խորհուրդներս ուղղված են մասնավորապես
Լեհաստանում սովորել պատրաստվող ուսանողներին, սակայն կարծում եմ օգտակար կլինեն նաև
այլ երկրներ ուղևորվող ուսանողների համար:
Եվ այսպես.
-
Ուղևորվելուց
առաջ անպայման վերցրեք Ձեզ արտերկիր ուղարկող կազմակերպության կամ կառույցի որևէ ներկայացուցչի
կոորդինատները (էլ-փոտ կամ հեռախոսահամար): Հիմնականում Լեհաստանի
հետ կրթական ծրագրեր է իրականացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
- Լեհաստանի
յուրաքանչյուր ԲՈՒՀ-ում գոյություն ունի ուսանողների հարցերով զբաղվող գրասենյակ (Biuro
Spraw Studenckich), որի կոորդինատները սովորաբար
լինում են համալսարանի կայքում: Փաստաթղթերի
հետ կապված բոլոր հարցերով հիմնականում զբաղվում է տվյալ գրասենյակը: Ժամանելուց
հետո որևէ հարց ունենալու
դեպքում կարող եք դիմել ձեր ընտրած համալսարանի տվյալ գրասենյակին, որի աշխատակիցները ձեզ կտան ավելի ճշգրիտ տեղեկություններ:
- Ժամանելուց
հետո կապ հաստատեք Լեհաստանում Հայաստանի դեսպանության հետ, որը գտնվում է Վարշավայի
Բեկասուվ 50 հասցեում (02-083
Warszawa, ul. Bekasów 50): Հնարավորության դեպքում այցելեք դեսպանություն և տեղեկացրեք
Ձեր և Ձեր ուսման վայրի մասին: Ուսանելու ընթացքում նույնպես շարունակեք կապ պահպանել
և որևէ հարց լինելու դեպքում դիմեք դեսպանությանը:
-
Համալսարաններում
գոյություն ունի նաև կրթաթոշակների
տրամադրման համակարգ: Գոյություն ունեն տարբեր տեսակի կրթաթոշակներ` սոցիալական
(stypendium socjalne), գիտական, որը հիմանականում տրվում է լավ առաջադիմություն
ունեցող ուսանողներին (Stypendium Naukowe), ռեկտորի կողմից տրամադրվող (Stypendium Rektora) և այլն: Բոլոր տեղեկությունները կապված
կրթաթոշակների տրամադրման հետ կարող եք ստանալ ձեր ԲՈՒՀ-ի ուսանողների հարցերով զբաղվող
գրասենյակից (Biuro Spraw Studenckich):
- Իսկ եթե դեռևս չգիտեք` որտեղ եք բնակվելու, ապա կարող եք փնտրել ձեր համալսարանին կից հանրակացարաններ, որոնք ավելի էժան են և նախընտրելի համեմատած բնակարան կամ
սենյակ վարձելը ավելու հետ: Այդ մասին նույնպես կարող եք տեղեկանալ կապվելով ձեր համալսարանի` ուսանողների
հարցերով զբաղվող գրասենյակից կամ համալսարանի կայքից: Վարշավայի
համալսարանն օրինակ ունի 6 հանրակացարան (Dom Studencki): Բնակության պայմանները տարբեր են` կախված հանրակացարանի գտնվելու վայրի և վերանորոգման առկայության կամ բացակայության հետ:
0 comments:
Post a Comment